Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կազմավորման 25-ամյակը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, բարձրաստիճան այլ հյուրեր ներկա են գտնվել հոբելյանական միջոցառմանը։
Նախարար Գրիգոր Մինասյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը նախ շրջայց են կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման վերանորոգված սրահում, ապա մասնակցել միջոցառմանը։
Ողջույնի իր խոսքում շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին՝ նախարարը նշել է, որ նրանց կատարած աշխատանքն անգնահատելի է: Նախարարը բարձր է գնահատել Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքն արդարացրել և նույնիսկ գերազանցել է սպասելիքները․ «Հարգելի՛ հյուրեր, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի և Ծառայության հիմնադրման հոբելյանական 25 ամյակի կապակցությամբ։
Ձևավորվեց մի կառույց, մի համակարգ, առանց որի արդարադատության հասնելն անհնարին է: Ես ունեմ մի համոզմունք, և այդ համոզմունքն ամրապնդվել է այս ծանր օրերին, երբ մեր երկիրն ամեն օր կռիվ է տալիս տնտեսական բարեկեցության և այլ արհավիրքների դեմ:
Հատուկ շնորհակալություն ձեզ՝ պարոնայք նախկին ծառայության պետեր, որովհետև առանց ձեզ այս կառույցում մենք չէինք ունենալու այն բազան, որի շնորհիվ մենք կկարողանաք էլ ավելի բարեփոխել համակարգը: Պետք է կարողանանք ընկալումը փոխել, որ այս ծառայությունը ոչ թե պատժող է, ոչ թե մարդկանց տնից վտարող է, այլ՝ մարդկանց խախտված իրավունքները վերականգնողն ու արդարությունն իրականացնողն է»:
Ծառայության կազմավորման 25-ամյակի և Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա 10-ամյակի առթիվ շնորհավորելով Ծառայության անձնակազմին՝ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ասել է․ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քառորդդարյա պատմությունը վկայությունն է այն իրողության, որ մեզանում հարկադիր կատարման ինստիտուտն այլևս կայացած է։ Այն գործող մեխանիզմ է, որի հիմնական նպատակն ու առաքելությունը վերջնական արդարադատության իրականացման ապահովումն է, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ Նշանակալի է կառույցի դերակատարումը Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման ոլորտում օրինականության ապահովման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու երաշխավորման գործում։ Արդարադատության նախարարության հետ համատեղ շարունակական աշխատանքներ են իրականացվում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող համալիր միջոցառումների համատեքստում։ մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա քրտնաջան աշխատանքից, նվիրվածությունից, պատրաստակամությունից ու պատասխանատվությունից է կախված, թե ինչպիսին կլինի այդ բարեփոխումների վերջնարդյունքը»։
Իր ելույթում գլխավոր հարկադիր կատարողը նաև շնորհակալություն է հայտնել Ծառայության աշխատակիցներին իրենց բարեխիղճ աշխատանքի համար, Արդարադատության նախարարությանը՝ Ծառայությանը ցուցաբերած մշտական աջակցության, և Ծառայության վետերաններին՝ Ծառայության կայացման գործում ունեցած ավանդի համար։
Նախարար Գրիգոր Մինասյանն ու Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը խորհրդանշական պարգևներ են հանձնել նախկին գլխավոր հարկադիր կատարողներին Ծառայության կայացման գործում ներդրած ավանդի համար։
Հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսական պագևներ են հանձնվել ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցների։ Շնորհվել են արտահերթ կոչումներ, հանձնվել հուշանվերներ, շնորհակալագրեր։
Միջոցառման ավարտին ցուցադրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյա տարեգրության մասին պատմող վավերագրական ֆիլմը։