«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 117-րդ հոդվածի համաձան՝
1. Դատարանը պահանջատիրոջ պահանջով կարող է պարտապանից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձման ենթակա դրամական տուժանք (աստրենտ) նշանակել քաղաքացիական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ բաժնի հինգերորդից յոթերորդ ենթաբաժիններով քննվող գործերի) և վարչական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերով հաստատված ոչ դրամական պահանջը չկատարելու համար։
2. Աստրենտ նշանակելու պահանջ ներկայացրած պահանջատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվում, իսկ պատճառվող վնասի չափն աստրենտ նշանակելիս և դրա չափը փոփոխելիս հաշվի չի առնվում։
3. Աստրենտը նշանակվում է համապատասխան ոչ դրամական պահանջը սահմանող եզրափակիչ դատական ակտով, եթե դրա մասին ներկայացվել է առանձին հայցապահանջ (նախնական աստրենտ)։
4. Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կարող է աստրենտ նշանակել պահանջատիրոջ դիմումով, եթե նախնական աստրենտ չի նշանակվել, ինչպես նաև պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով կարող է փոփոխել նշանակված աստրենտի չափը կամ դադարեցնել այն։ Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո աստրենտ նշանակելը և նախնական աստրենտի չափը փոփոխելը համարվում են վերջնական աստրենտի նշանակում։
5. Աստրենտ չի նշանակվում, եթե կատարման ենթակա ակտով հաստատված ոչ դրամական պահանջը բխում է քաղաքացիաիրավական պայմանագրից, և օրենքով կամ այդ պայմանագրով տվյալ պահանջը չկատարելու համար վնասի հատուցման կամ տուժանքի (տույժի, տուգանքի) այլ չափ է նախատեսված։ Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների դեմ նրանց հաճախորդների պահանջների, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված հանրային ծառայությունների մատուցման պայմանագրերով ծառայություն ստացողների պահանջների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով արտադրողների (կատարողների, վաճառողների) դեմ սպառողների պահանջների և աշխատանքային պայմանագրերից բխող աշխատողների պահանջների նկատմամբ։
6. Վերջնական աստրենտ չի նշանակվում, իսկ նշանակված աստրենտը դատարանի որոշմամբ դադարեցվում է, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
7. Եթե կատարման ենթակա ակտով պահանջատերերը կամ պարտապանները մեկից ավելին են, ապա դատարանն աստրենտ նշանակելիս որոշում է համապատասխանաբար այն վճարելու պարտականության և ստանալու իրավունքի բաժինները կամ դրանց համապարտությունը և համիրավությունը։ Բոլոր դեպքերում աստրենտ չի կարող նշանակվել այն պարտապանի նկատմամբ, որի դեմ նման պահանջ չի ներկայացվել, և այն պահանջատիրոջ օգտին, որը նման պահանջ չի ներկայացրել։
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 118-րդ հոդվածի համաձան՝
1. Նախնական աստրենտը սահմանվում է՝
1) որոշակի գործողություններ կատարելու պահանջի առաջին խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ կետանցի յուրաքանչյուր հաջորդ օրվա համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
2) պարբերական գործողություններ կատարելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
3) որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջի խախտման առաջին դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ խախտման յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Եթե արգելված գործողությունների կատարումը կրում է տևող բնույթ, ապա խախտման դեպք է համարվում խախտման յուրաքանչյուր օրը։
2. Նախնական աստրենտը հաշվարկվում է սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո։
3. Վերջնական աստրենտ նշանակելիս դատարանը սահմանում է դրա չափը պարտավորության կատարման կետանցի յուրաքանչյուր օրվա, իսկ պարբերական գործողություններ կատարելու և որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իմաստով։ Դատարանը պահանջատիրոջ միջնորդությամբ կարող է սահմանել նաև աճողական աստրենտ, որի պարագայում աստրենտի չափն աճում է կատարման կետանցի որոշակի ժամկետ (հաջորդական ժամկետներ) կամ պահանջի խախտման դեպքերի որոշակի քանակ (հաջորդական քանակներ) լրանալուց հետո։
4. Վերջնական աստրենտի չափը որոշում է դատարանը՝ այն հաշվով, որ այն բավարար լինի պարտապանին ոչ դրամական պարտավորության կատարմանը հակելու համար։
5. Վերջնական աստրենտի չափը որոշելիս, մասնավորապես գործի հանգամանքներից կախված և համապատասխան տվյալների առկայության դեպքում, հաշվի են առնվում պարտավորությունը հարկադիր կատարման միջոցներով կատարելու իրավական և փաստացի հնարավորությունը, նաև այն ջանքերը և ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարկադիր կատարման համար, պարտապանի գույքային դրությունը, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանի հասույթի և շահույթի չափերը, պարտավորությունը չկատարելու հարցում պարտապանի անբարեխղճության աստիճանը, պահանջատիրոջ համար պարտավորության կատարման նշանակությունը, հրատապությունը և դատարանի կողմից կարևորվող այլ հանգամանքներ։
6. Վերջնական աստրենտի չափը բոլոր դեպքերում կետանցի մեկ օրվա (խախտման մեկ դեպքի) համար սահմանվում է ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Եթե աճողական աստրենտը կետանցի որոշակի ժամանակահատվածից հետո գերազանցում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա աստրենտը հաշվարկվում է օրական (խախտման մեկ դեպքի համար) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու և աստրենտը դադարեցնելու մասին դատարանի որոշումները կիրառվում են դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ։
8. Աստրենտ չի հաշվարկվում ոչ դրամական պահանջի կատարումը սույն օրենքի 55-րդ հոդվածի հիման վրա հետաձգված կամ տարաժամկետված լինելու, ինչպես նաև տվյալ կատարողական վարույթը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված հիմքերով կասեցված լինելու ժամանակահատվածներում։
9. Ոչ դրամական պահանջով կատարողական վարույթի կարճումը դադարեցնում է աստրենտի հաշվարկը վարույթի կարճման պահից՝ առանց դրա մասին դատարանի հատուկ որոշման։
10. Աստրենտի հաշվարկը դատական ակտի հիման վրա կատարում է հարկադիր կատարողը։
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 119-րդ հոդվածի համաձան՝
1. Վերջնական աստրենտ նշանակելու (ներառյալ նախնական աստրենտի չափը փոփոխելու), աստրենտը դադարեցնելու դիմումները ներկայացվում են համապատասխան ոչ դրամական պահանջով հայցը քննած առաջին ատյանի դատարան (վարչական դատարան)։ Նախնական աստրենտ նշանակված չլինելու դեպքում վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումից հետո՝ մեկ տարվա ընթացքում։
2. Դիմումը ներկայացնելու, այն քննելու և լուծելու հարցերի նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենսգրքի կանոնները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։ Դիմումը վարույթ ընդունելու մասին առանձին որոշում չի կայացվում, և այն քննվում է նախկինում հարուցված դատական գործի շրջանակներում։
3. Դիմումին կցվում է դրա օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի այն կողմին ուղարկելու վերաբերյալ ապացույց, որի շահերին առնչվում է դիմումը։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանվելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Դատարանը դիմումը քննում է այն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում՝ իր նախաձեռնությամբ Ծառայությունից պահանջելով ոչ դրամական պահանջի կատարման վարույթի բոլոր նյութերի պատճենները։ Դատարանն ըստ անհրաժեշտության կարող է կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ինչպես նաև հրավիրել դատական նիստ: Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են միայն դիմողը և կատարողական վարույթի այն կողմը, որի դեմ ներկայացվել է դիմումը։
5. Վերջնական աստրենտ նշանակվելուց հետո կատարողական վարույթի կողմը կարող է դիմել այն նշանակած դատարան՝ աստրենտի չափը փոփոխելու կամ այն դադարեցնելու դիմումով, եթե այդ պահանջի հիմքերը նախկինում չեն քննարկվել դատարանի կողմից։ Նման դիմումները ներկայացվում և քննվում են սույն հոդվածով սահմանված կանոններով։
6. Աստրենտի չափը նվազեցնելու կամ այն դադարեցնելու մասին պարտապանի դիմումն ստանալուց հետո դատարանը կարող է պարտապանի միջնորդությամբ որոշում կայացնել այդ դիմումի պահանջը լրիվ կամ մասնակի ժամանակավորապես բավարարելու մասին՝ մինչև դիմումի ըստ էության քննության արդյունքներով որոշումն օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանի նման որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Եթե դիմումի ըստ էության քննության արդյունքներով դատարանը մերժում է պարտապանի դիմումը, ապա սահմանում է նաև աստրենտի ժամանակավոր նվազեցման կամ դադարեցման ժամանակահատվածում չվճարված աստրենտի գումարի չափը, որը ենթակա է բռնագանձման հօգուտ պահանջատիրոջ։
7. Վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երկու շաբաթ հետո և այդ ժամկետում կարող է բողոքարկվել։