Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշում է կազմավորման 26-րդ տարին

06.05.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշում է կազմավորման 26-րդ տարին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 26-ամյակի և Հարկադիր կատարողի օրվա առթիվ Ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։

Ողջույնի իր խոսքում շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին՝ Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ասել է․ «Մայիսի 5-ը մեր Ծառայության ինչպես ներկա, այնպես էլ նախկին բոլոր աշխատակիցների համար շատ կարևոր, նվիրական ու սպասված օր է, իսկ 1998 թվականի մայիսի 5-ը՝ Ծառայության տարեգրության կարևորագույն էջը։ Այս տարիների ընթացքում  ականատես ենք եղել Ծառայության զարգացմանն ու հաջողություններին, արձանագրել ենք նաև բազմաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ, որոնք Ծառայությունը կարծում եմ պատվով է հաղթահարել։ Նվիրվածությունը ձեր աշխատանքին կարևորագույն արժեքներից է, այն աննկատ չի մնում։ Բոլորիս նպատակն է արժանապատիվ ծառայել մեր երկրին ու մեր ժողովրդին, իսկ մեր որակյալ աշխատանքը՝ Ծառայության հեղինակության բարձրացման գրավականն է։ Այս հիշարժան օրը շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, մեր վետերաններին՝ այդ նվիրումի, գիտակցված ծառայության և կատարած աշխատանքի համար»:

Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին, Ծառայության վետերաններին նվիրումի, գիտակցված ծառայության և կատարած աշխատանքի համար՝ Արսեն Մնացականյանը ծառայակիցներին մաղթել է հաջողություն, բարեկեցություն, առաջընթաց և բարի ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Հանդիսավոր նիստին հաջորդել է Ծառայության շարքերը համալրած նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ բարեխիղճ, անբասիր ու երկարամյա ծառայության համար մի շարք աշխատակիցների հանձնվել են խրախուսական պարգևներ ու շնորհակալագրեր: