Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անձնակազմին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի փառս Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի։ Շնորհավորական ուղերձը՝ ստորև․
«Հարգելի պարոն Խաչատրյան,
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:
Հարկադիր կատարման համակարգն առանցքային դերակատարություն ունի իրավական պետության կայացման և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այսօր, ավելի քան երբևէ, անհամեմատ մեծ են մեր քաղաքացիների՝ հարկադիր կատարողից ունեցած սպասելիքները՝ որպես իրենց իրավունքների պաշտպանության օրինական պահանջը կատարողի։
Վստահ եմ, որ Ձեր հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև մասնագիտական փորձի շնորհիվ կկարողանաք լավագույնս իրականացնել Ծառայության առջև դրված խնդիրները։
Կրկին շնորհավորելով Ձեզ և Արցախի Հանրապետության մեր գործընկերներին՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի փառս Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»։