Այսօր տեղի է ունեցել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, նոտարական համայնքի, բանկային և վարկային ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչները։
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է նմանօրինակ քննարկումների դերը դատաիրավական բարեփոխումների շրջանակներում և նշել, որ 3 տարի անընդմեջ ներդրված ջանքերն՝ ուղղված օրենքի նախագծի մշակմանը, կարևոր քայլ են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության կատարելագործման համար։
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ելույթում ևս կարևորել է նմանատիպ քննարկումները։ Նա իր խոսքում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին պայմանավորել է հանգամանքով, որ թեև գործող օրենքը բազմիցս փոփոխվել և լրացվել է՝ այս կամ այն չափով հարմարեցվելով իրավական զարգացումներին, այդուհանդերձ իրավական համակարգի հիմնարար զարգացումների արդյունքում կատարողական վարույթին առնչվող մի շարք հարցեր մնացել են ընդհանրապես չկարգավորված, իսկ որոշ կանոններ ցրված են տարբեր նորմատիվ իրավական ակտերում և միավորված չեն ընդհանուր տրամաբանությամբ և կատարողական վարույթի արդյունավետությունից բխող միասնական մոտեցումներով։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, նոր լուծումները և կարգավորման հիմնական ուղղությունները, հարկադիր կատարման նոր միջոցները, պարտավորության կատարման խթանման միջոցները, առանձին տեսակի գույքերի բռնագանձման և առանձին խումբ կատարողական վարույթների առանձնահատկությունները և այլն:
Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ քննարկման կազմակերպման համար և մեկ անգամ ևս վերահաստատել Արդարադատության նախարարության պատրաստակամությունը հետագա համագործակցությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ քննարկումները նպաստելու են նոր օրենսդրության մշակմամբ հետապնդվող նպատակների կենսագործմանը:
Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում։