Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողները մարտի 10-11-ը մասնակցել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից հարկադիր կատարողների համար կազմակերպված ընտանեկան բռնության կանխարգելման և դեպքերի վարման թեմայով վերապատրաստման դասընթացներին։
Ծառայության Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը ողջույնի իր խոսքում կարևորել է հատկապես երեխայի հանձնման և տեսակցության կատարողական վարույթներով ընտանեկան բռնության դեպքերին հարկադիր կատարողների հաճախակի առնչությունը, ընդգծել ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ հարկադիր կատարողների իրազեկվածության անհրաժեշտությունը։
Երկօրյա դասընթացների ժամանակ ակտիվ քննարկում է ծավալվել նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում կատարողական գործողությունների շրջանակում ծագող մի շարք գործնական և օրենսդրական խնդիրների շուրջ։