Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր,
Շնորհավորում եմ բոլորիս համապետական և համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ։
29 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովրդի հավաքական կամարտահայտումն եղավ 3-րդ Հանրապետության ծնունդը, հայ ժողովրդի ազատ ձայնի իրավունքի արձանագրումը, իսկ ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։
Տոնական այս օրը մեզնից յուրաքանչյուրը հպարտ է յուրովի։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով, քանզի անկախության նվաճումը այն հիմնաքարն է, որի վրա պարտավոր ենք կառուցել և հզորացնել մեզ համար երազելի Հայաստան երկիրը։
Հայ ժողովրդի ոգին անպարտ է և անկոտրում։ Այսօր էլ սահմանին մեր Զինվորները մշտարթուն են, զգոն՝ անառիկ պահելու մեր սահմանները։ Վստահաբար, միայն մեր բոլորի միասնականության, վճռականության, նվիրվածության և Հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ կարող ենք ապրել ապահով ու երջանիկ երկրում, իսկ գրագետ սերունդներ դաստիարակելով՝ ապահովել մեր վաղվա պայծառ օրը։
Կրկին շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ՝ ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում, զորացում, նորանոր նվաճումներ բոլոր ոլորտներում։
Փա՛ռք մեր Հերոսներին,
Փա՛ռք մեր սահմաններն անսասան պահող քաջարի Զինվորներին,
Փա՛ռք մեր աշխարհասփյուռ Ժողովրդին,
Փա՛ռք մեր Հայրենիքին,
Փա՛ռք անկախ Հայաստանի Հանրապետությանը։
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ
ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆ