Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը Անկախության 31-ամյակի առթիվ

21.09.2022
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը Անկախության 31-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ համապետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ։

Պատմական իրողությունների բարդ ուղով անցնելով՝ հայ ժողովրդի նվիրվածության, հաղթական ոգու, սեփական հայրենիքում ապրելու և արարելու գիտակցումն ու հավաքական  կամարտահայտումը ծնունդ տվեց անկախ Հայաստանի Հանրապետությանը։

Հայ ժողովրդին անկախությունը հեշտությամբ չի տրվել։ Այն հերոս զավակների թափած արյան գնով է ձեռք բերվել։ Այսօր էլ մեր ժողովուրդը գոյապայքար է մղում՝ հանուն իր անկախ պետականության, քանզի անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է։

Սահմանին կանգնած, անձնվիրաբար ու հերոսաբար կռիվ տվող մեր զինվորի կողքին մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ու գործով այօրվա և վաղվա սերունդների առաջ պատասխանատվություն ունի՝ պահպանելու մեր երկրի անկախ պետականությունը։ Հայրենիքն այսօր մեր ամուր կամքի, միասնականության ու վճռականության կարիքն ունի։

Համազգային օրվա խորհուրդը կարևորելով՝ ցանկանում եմ խոնարհումս բերել հայ ժողովրդի անկախ ապրելու իրավունքի հարատևության համար անձնվիրաբար զոհված մեր հայորդիների հիշատակին։ Փառք ու պատիվ անկախության նվիրյալներին, ովքեր անմահացան հանուն Հայրենիքի:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս ազգային տոնի առթիվ՝ ցանկանում եմ երկարատև խաղաղություն, զորացում և բարօրություն։

Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան