Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ տասներկու նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները։
Շնորհավորելով նորանշանակ սպաներին՝ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շեշտել է այն կարևոր առաքելությունը, որ ստանձնել են նորանշանակ հարկադիր կատարողները․ «Կարծում եմ՝ գիտակցում եք, թե ինչքան մեծ է ձեր պատասխանատվությունը թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց և պետության օրինական շահերի պաշտպանության համար, և ձեր աշխատանքով եք նպաստելու արդարադատության վերջնական իրականացմանը։ Հուսով եմ՝ պատվով կկրեք սպայի համազգեստը, ձեր օրինակելի վարքագծով, գիտելիքներով, կարգապահությամբ, ազնվությամբ և պարկեշտությամբ, լիազորությունների պատշաճ իրականացմամբ էլ ավելի կբարձրացնեք Ծառայության դերը պետական կառավարման համակարգում՝ դրականորեն փոխելով նաև Ծառայության նկատմամբ հանրության վստահությունը»։