Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 13.03.2025թ. թիվ 225-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.05.2025թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41 ա շենք, այսուհետ’ Կազմակերպիչ) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակում շարժական գույքի գնահատման ծառայություններ մատուցելու և փորձագիտական եզրակացություն տրամադրելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, որն ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, նախկինում կատարված համանման աշխատանքների և դրանց կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանքը, մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկությունը՝ ըստ ներկայացված ձևաչափի, համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնելու փորձի, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու (այդ թվում նաև Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքները օպերատիվ կազմակերպելու և ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորության), աշխատանքային ռեսուրսների, աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայության և հագեցվածության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնել 5 պատճենված տարբերակով)։
Մրցութային հայտի, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը։ Ծրարը և ներկայացված փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը։ Ծրարի վրա նշվում են՝ Կազմակերպչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը, ինչպես նաև «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 19.06.2025թ․ ժամը՝ 18:00-ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 24.06.2025թ. ժամը՝ 15:00-ին:
Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:
Մրցույթի հաղթող կճանաչվի լավագույն առաջարկը ներկայացրած մրցույթի մասնակիցը։ Լավագույն առաջարկի ընտրությունը կատարվում է հաշվի առնելով`
1) մրցույթային հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ
2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված միավորների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն մրցույթի առարկայի հետ։
Գնի և ոչ գնային չափանիշների գնահատման մեթոդը կիրառելու դեպքում սահմանվում է առավելագույնը 20 միավոր։
Գնի և ոչ գնային չափանիշների կիրառման դեպքում ընտրությունը կատարվում է հաշվի առնելով՝
1) ներկայացված առաջարկի գինը՝ 1-5 միավոր․
2) համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող անձի փորձը՝ 1-5 միավոր․
3) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները և աշխատանքային ռեսուրսները՝ 1-5 միավոր․
4) աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը և հագեցվածությունը՝ 1-5 միավոր։
Կազմակերպչի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև մեկ տարի ժամկետով կկնքվի՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթների շրջանակում շարժական գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր։