Loading...
Պաշտոնական

«Պատշաճ վերապատրաստված անձնակազմի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի արդյունավետ կիրարկումը»․ փոխնախարար

29.11.2024
«Պատշաճ վերապատրաստված անձնակազմի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի արդյունավետ կիրարկումը»․ փոխնախարար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցում են «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Դասընթացի նպատակն է, մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, աջակցել Ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը։

Բացման խոսքում Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող միջոցառումը, նշել է, որ պատշաճ վերապատրաստված անձնակազմի շնորհիվ՝ հնարավոր կլինի ապահովել Կառավարության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունից և գործողությունների ծրագրից բխող նոր օրենքի արդյունավետ կիրառումը։ Նախարարի տեղակալի համոզմամբ՝ նորարական մոտեցումներ առաջարկող օրենքը հնարավորություն կտա այլ որակ հաղորդել հարկադիր կատարմանը, բարձրացնել կատարման արդյունավետությունը, ապահովել շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ՝ արդյունքում ստեղծելով անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ունենալու հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի։

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի աշխատանքային խմբի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Վահագն Դալլաքյանն էլ միջոցառման մասնակիցներին ներկայացրել են օրենքի հայեցակարգային մոտեցումները, նախատեսված փոփոխություններն ու դրանց կիրարկման առանձնահատկությունները։

Հարկադիր կատարման ոլորտի հետ կապված ամբողջական, համապարփակ կարգավորումներ նախատեսող նոր օրենքում ներդրվել են մի շարք սկզբունքային նորամուծություններ։ Արդյունքում՝ կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգի շնորհիվ կթոթափվի քաղաքացիների ֆինանսական բեռը, վարույթի կողմերը փոխադարձ համաձայնությամբ կկարողանան տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը, որոշ դեպքերում պարտապանը կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել արգելադրված գույքը՝ վարձավճարը ու վաճառքի գինը վճարելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին։

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ին՝ փոխարինելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքին։

Վերապատրաստմանը մասնակցում են նաև դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում իրականացնելու են ոլորտային վերապատրաստումներ:

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։