Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 22.05.2020թ. № 417 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 21.10.2020թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքում գտնվող (ք. Երևան, Հալաբյան 41ա) պահպանման ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը վերամշակման եղանակով ոչնչացնելու նպատակով Ծառայությանն անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպություն:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն իրավաբանական անձինք, ովքեր հնարավորություն ունեն ապահովել ոչնչացվող փաստաթղթերում առկա անձնական տվյալների պաշտպանությունը, վերոնշյալ գործառույթն իրականացնելու համար նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և համապատասխան տեխնիկական միջոցներ (փաստաթղթերը տեղափոխող համապատասխան տրանսպորտային միջոց, փաստաթղթերի վերամշակման եղանակով ոչնչացման համար առանձնացված տարածք և անհրաժեշտ այլ միջոցներ):
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, նշված աշխատանքներն իրականացնելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 23․11․2020թ․՝ ժամը 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Մրցույթի հայտերը կբացվեն 27․11 ․2020թ․՝ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի առավելագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, որին կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ