Loading...
Պաշտոնական

ՀԿԱԾ ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված փորձագիտական քննարկմանը

29.08.2022
ՀԿԱԾ ներկայացուցիչները մասնակցել են ԵԽ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված փորձագիտական  քննարկմանը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը։

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը ողջույնի իր խոսքում  կարևորել է ԵԽ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունը նմանատիպ կառուցողական հանդիպում-քննարկում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և ներպետական դատարանների դատական ակտերի կատարման ապահովման առնչությամբ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ապա իր ելույթում անդրադարձել գույքային և ոչ գույքային բնույթի առանձին խումբ կատարողական վարույթներով հարկադիր կատարման ենթակա ակտերի պատշաճ կատարումն ապահովելու գործընթացում ծագող խնդիրներին, այդ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերին։

Լևոն Բալյանը մասնավորապես անդրադարձել է հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության բարեփոխմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին, դրանցով առաջարկվող լուծումներին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային նոր համակարգի մշակմանը։ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն ընդգծել է, որ Ծառայության պրակտիկայում ծագող մի շարք խնդիրներ լուծվել են նաև գույքագրման իրականացման և երեխայի տեսակցության կատարողական վարույթների վերաբերյալ Ծառայության կողմից մշակված ուղեցույցների, Գլխավոր հարկադիր կատարողի մի շարք հանձնարարականների միջոցով, որոնց արդյունքում ապահովվել է նաև դրանցով կարգավորվող հարցերի առնչությամբ միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը և հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետության բարձրացումը։

Փորձագիտական քննարկմանը ներկայացվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված, դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող վճիռների կատարման ընթացքը, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում ՄԻԵԴ-ի և ներպետական դատարանների վճիռների կատարման ապահովման վերաբերյալ փորձագիտական զեկույցի նախագիծը։

Ծավալված ակտիվ քննարկման արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա հիմնական խնդիրները, արվել դրանց լուծման շուրջ առաջարկներ։ Կլոր-սեղան քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ քննարկումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։