Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մայիսի 5-ին այցելել էին Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ մասնակցելու Ծառայության կազմավորման 24-րդ ամյակին և Հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, Ծառայության ղեկավար և սպայական կազմը, պաշտոնատար այլ անձինք։
Կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ՝ Հարկադիր կատարողի օրը պաշտոնապես նշվում է 2013 թվականի մայիսի 5-ից։ Օրվա ընտրությունը պայմանավորված է 1998 թվականի մայիսի 5-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի ընդունմամբ, որի հիման վրա ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կամ չի եղել, կամ շատ թույլ է գոյություն ունեցել: «Այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Այս հանգամանքի բերումով, ի սկզբանե, եթե հիշում եք, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: Սա շատ կարևոր հանգամանք է: Բայց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականությունը կամ առաքելությունը մի փոքր այլ է: Այստեղ մենք պիտի նկատի ունենանք, որ հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, դա այն է, որ ի վերջո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է, դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ ձեր ծառայությունն է ի կատար ածում: Այդ քաղաքակրթական նրբությունը հետևյալն է. մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա և արձանագրի, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Եվ մենք այս հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք այն հանրային հարաբերությունները, որին բոլորս ձգտում ենք»։
Վարչապետի խոսքով՝ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է, որովհետև, հենց այս ընկալումը մարդիկ ավելի շատ են սկսում հասկանալ, որ սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարված աշխատանքի, թերությունների հետ առերեսվելու և այդ թերությունները շտկելու պատրաստակամության, ուսադիրները պատվով կրելու համար, համոզմունք հայտնել, որ այս գաղափարաբանության շրջանակում իրականացվող աշխատանքի արդյունքում այդ համազգեստի, ուսադիրների, ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ շնորհավորական իր խոսքում մասնավորապես նշել է․ «Մեծարգո՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, Հարկադիր կատարման ծառայության հարգարժան ղեկավարություն, ուզում եմ շնորհավորել այս օրը և հատուկ շնորհակալություն հայտնել մեր հարյուրավոր ծառայակիցներին, ովքեր կատարում են այս շատ կարևոր առաքելությունը, որը նպաստում է արդարադատության իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում: Մենք իրագործել ենք և շարունակում ենք իրագործել օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնց մի փոքր օրինակ է օրինակ՝ տեխզննումների ընթացակարգում ամիսներ առաջ Կառավարության կողմից ընդունված փոփոխությունը, որի արդյունքներով 710 հետախուզվող մեքենա արդեն չի կարողացել անցնել տեխզննում, ինչը նշանակել է, որ 102 հետախուզվող մեքենաների հետ կապված պարտավորությունները մարվել են: Եվ ավարտելով՝ ուզում եմ հատուկ շեշտել, որ Կառավարությունը մի շարք ջանքեր է գործադրում և այդ ջանքերի մեջ նաև չի մոռանում ձեր սոցիալական խնդիրների լուծումները: Այդ կապակցությամբ մեր ամենակարևոր գործողություններից մեկը այն է, որպեսզի ձեր կատարողական արդյունքները կապվեն ձեր վարձատրության հետ: Այս ուղղությամբ Կառավարությունը և անձամբ Վարչապետը տեղեկացված է, և մենք հիմա փորձում ենք լուծումներ գտնել»։
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-ամյակի և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ, նշել է, որ Հարկադիր կատարողի օրը պարզապես օրացույցային չէ։ Այն պատասխանատու ստուգատեսի օր է, լավագույն առիթ՝ գնահատելու հերթական հաշվետու տարին և ուրվագծելու հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները. «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, hարգելի՛ պարոն Նախարար, hարգարժա՛ն ծառայակիցներ և հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-ամյակի և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։ Հարկադիր կատարողի օրը մեզ համար պարզապես օրացույցային չէ։ Այն պատասխանատու ստուգատեսի օր է, լավագույն առիթ՝ գնահատելու հերթական հաշվետու տարին և ուրվագծելու հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Հարգելի՛ ծառայակիցներ, ցանկանում եմ այս կարևոր օրը շնորհակալական խոսք ուղղել՝ ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի, Ծառայության կայացման և բարեփոխման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։ 2018 թվականից ի վեր Ծառայության համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ Ծառայությունը դարձել է ավելի բաց, թափանցիկ ու հաշվետվողական։ Այսօր կարող ենք փաստել, որ Ծառայության համալիր բարեփոխման հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը՝ մեր քաղաքացիների համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների միջավայրի ձևավորումը, այլևս իրականություն է դառնում։ 2021 թվականին, ինչպես նշեցիք, գանձվել է աննախադեպ կատարողական ծախս, քան ծախսվել է պետական բյուջեից Ծառայությունը պահպանելու համար։ Դրական տարբերությունը կազմել է շուրջ 660 մլն դրամ։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ դրական տարբերություն երբեք չի եղել։ Չեմ սխալվի ասելով, որ արձանագրված արդյունքները հետևանք են անմնացորդ նվիրումով թիմային աշխատանքի և կոռուպցիոն երևույթների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականության։ Հարգելի՛ ծառայակիցներ, վստահ եմ՝ մեր որդեգրած շարունակական բարեփոխման ճանապարհին, առաջնորդվելով մասնագիտական պրոֆեսիոնալիզմով և բարձր պատասխանատվությամբ, միասին կարողանալու ենք նո՛ր որակ հաղորդել Ծառայության աշխատանքին և հարկադիր կատարողի հանրային ընկալմանը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և անփորձանք ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։
Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը, իսկ շնորհակալագրով խախուսվել են Ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Նարինե Մարգարյանը, Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը:
Արդարադատության նախարարի համաձայնությամբ, Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով արտահերթ կոչում է շնորհվել 9 ծառայակցի։
Բարեխիղճ, անբասիր ու երկարամյա ծառայության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 115 աշխատակցի հանձնվել են խրախուսական տարբեր պարգևներ ու շնորհակալագրեր: Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ «20 տարի երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրվել է 9, «15 տարի երկարամյա ծառայության համար» մեդալով՝ 15, «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալով՝ 10, «Պատվավոր աշխատող» կրծքանշանով՝ 5, «Անբասիր ծառայության համար» մեդալով՝ 3 աշխատակից։
Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև Ծառայության շարքերը համալրած նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը։