Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 03․12․2024թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարելու լիցենզիա, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներ իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը` ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի` «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 03․01.2025թ. ժամը՝ 18:00֊ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 07.01.2025թ. ժամը՝ 12:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: