Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 03.06.2025թ. թիվ 545-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 14․01․2026թ. որոշմամբ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Կազմակերպիչ, հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41ա շենք) հայտարարում է հարուցված կատարողական վարույթների շրջանակում քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը (ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը օրենքով սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, նախկինում կատարված համանման աշխատանքների մասին հակիրճ տեղեկանք, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն` ըստ քանդվող, վերակառուցվող, կառուցվող, ապամոնտաժվող, մոնտաժվող գույքի քառակուսի մետրի՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Մրցութային հայտի, դրան վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը: Ծրարը և ներկայացված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը։ Ծրարի վրա նշվում են՝ կազմակերպչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը, ինչպես նաև «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա շենք հասցեով, մինչև 16.02.2026թ. ժամը՝ 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 20.02.2026թ. ժամը՝ 10:30-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:
Մրցույթի հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած մրցույթի մասնակիցը։ Լավագույն առաջարկի ընտրությունը կատարվում է․
1) մրցութային հայտեր ներկայացրած մասնակիցների թվից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ
2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված միավորների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն մրցույթի առարկայի հետ։
Գնի և ոչ գնային չափանիշների գնահատման մեթոդը կիրառելու դեպքում սահմանվում է առավելագույնը 20 միավոր։
Գնի և ոչ գնային չափանիշների կիրառման դեպքում ընտրությունը կատարվում է հաշվի առնելով՝
1) ներկայացված առաջարկի գինը՝ 1-5 միավոր․
2) համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող անձի փորձը՝ 1-5 միավոր․
3) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները և աշխատանքային ռեսուրսները՝ 1-5 միավոր․
4) աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը և հագեցվածությունը՝ 1-5 միավոր։
Կազմակերպչի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև մեկ տարի ժամկետով կկնքվի պայմանագիր։