Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 12-ին, Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Դատական կատարողի 16-րդ համաշխարհային օրվան։ Այս տարի ԴԿՄՄ անդամ-պետությունների համար քննարկման թեմա է ընտրվել «Հարկադիր կատարողը և մեդիան․ հաղորդակցության ուժը»։
Բացման խոսքում Գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Դատական կատարողների միջազգային միության հետ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ակտիվ համագործակցությանը, բարձր գնահատել հարկադիր կատարման օրենսդրության բարելավման հարցում Միության փորձագիտական աջակցությունը, առանձնահատուկ կարևորել մեդիայի հետ աշխատանքի գրագետ կազմակերպումն ու հանրային հաղորդակցության արդյունավետության ապահովումը սոցիալական մեդիայի դարաշրջանում։
Արսեն Մնացականյանի խոսքով՝ Ծառայությունը, կարևորելով հանրային հաշվետվողականությունը, ակտիվ համագործակցում է մեդիայի հետ։ Այդ համագործակցությունն օգնում է բարձրացնել ոչ միայն Ծառայության գործունեության, իրականացվող ռազմավարական բարեփոխումների մասին հանրային իրազեկվածությունը, այլև հետամուտ լինել առանձին խնդիրների լուծմանը։
Օրակարգային հարցերի շրջանակում ընդգրկված էր նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը։ Նախատեսված կարգավորումների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։ Գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկումների լուսաբանման հարցում ևս մեդիան իր լուրջ ներդրումն ունեցավ՝ ապահովելով հասարակության լայն շերտերի հետաքրքրվածությունը և հանրային քննարկումներին ներգրավվածությունը։
Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում։
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է 2015 թվականից: 1952 թվականին ձևավորված Միությանն այսօր անդամակցում է ավելի քան 98 պետություն։