Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի ուղերձը՝ Հարկադիր կատարողի օրվա առթիվ

05.05.2024
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի ուղերձը՝ Հարկադիր կատարողի օրվա առթիվ

Հարգելի՛ ծառայակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 26-ամյակի և Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։

Մայիսի 5-ը մեր Ծառայության և՛ ներկա, և՛ նախկին բոլոր աշխատակիցների համար շատ կարևոր, նվիրական ու սպասված օր է, իսկ 1998 թվականի մայիսի 5-ը՝ Ծառայության տարեգրության կարևորագույն էջը։

Այս տարիների ընթացքում ականատես ենք եղել Ծառայության զարգացմանն ու հաջողություններին, արձանագրել ենք նաև բազմաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ, որոնք Ծառայությունը պատվով է հաղթահարել։

Անցած տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք իրականացվել՝ ուղղված հարկադիր կատարման ոլորտի թվայնացմանը, նոր տեխնոլոգիաների շարունակական կիրառմանը, ինչն առաջին հերթին միտված է ձեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու դյուրացմանը, թվային գործիքակազմերի լավարկմանը։

Հարկադիր կատարման ոլորտում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ են նախաձեռնվել։ Իհարկե յուրաքանչյուր նորարարություն դժվարություն է բերում, սակայն առաջընթացն անխուսափելի է և անհրաժեշտ է առաջ գնալ՝ աստիճանաբար էլ ավելի զարգացնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, իսկ դա կարող է իրականություն դառնալ միայն ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Դուք եք, որ Օրենքին հավատարիմ մնալու կարևոր հանձնառությամբ՝ ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով, պաշտպանում եք ոչ միայն մեր քաղաքացիների, այլև իրավաբանական անձանց և պետության իրավունքները՝ ապահովելով վերջնական արդարադատության իրականացումը:

Վստահ եմ, որ բոլորիս նպատակն է արժանապատիվ ծառայել մեր երկրին ու մեր ժողովրդին, իսկ մեր որակյալ աշխատանքը՝ Ծառայության հեղինակության բարձրացման գրավականն է։ Նվիրվածությունը ձեր աշխատանքին անգնահատելի է, այն աննկատ չի մնում։

Այս հիշարժան օրը շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, մեր վետերաններին՝ այդ նվիրումի, գիտակցված ծառայության և կատարած աշխատանքի համար:

Շարունակեք ծառայել՝ Օրենքին հավատարիմ մնալու բարձր գիտակցությամբ, նվիրվածությամբ, թող ինքնակատարելագործումն ու հաջողելու ցանկությունը լինեն ձեր առաջմղիչ ուժը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություն, բարեկեցություն, առաջընթաց և բարի ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Արսեն Մնացականյան
Արդարադատության գնդապետ,
Գլխավոր հարկադիր կատարող