Loading...
Պաշտոնական

«Այն գիտակցումը, որ անկախությունը մեզ հեշտ չի տրվել, ավելի արժեքավոր է դարձնում դրա գինը»․ Արսեն Մնացականյանն անկախության տոնի առթիվ շնորհավորել է աշխատակիցներին

23.09.2024
«Այն գիտակցումը, որ անկախությունը մեզ հեշտ չի տրվել, ավելի արժեքավոր է դարձնում դրա գինը»․ Արսեն Մնացականյանն անկախության տոնի առթիվ շնորհավորել է աշխատակիցներին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։ Մասնակցել են Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը, շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին Անկախության հռչակման 33-ամյակի առթիվ, ասել է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս համապետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակի կապակցությամբ։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, իր առաջին նստաշրջանում ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը՝ դնելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1991թ-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդն իր միասնական կամարտահայտմամբ «այո» ասաց անկախությանը։

Մենք ընտրեցինք անկախության ճանապարհը՝ այդ կերպ իրականություն դարձնելով անկախ պետականություն ունենալու մեր նախնիների բաղձալի երազանքը։

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք օրվա խուրհուրդը, և այն գիտակցումը, որ անկախությունը մեզ հեշտ չի տրվել, ավելի արժեքավոր է դարձնում դրա գինը։ Անցնելով պատմական իրողությունների բարդ շրջափուլերով՝ հայ ժողովուրդն երբեք  չկորցրեց իր կամքը, նվիրվածությունը, հաղթական ոգին, սեփական հայրենիքում ապրելու և արարելու գիտակցումը։

Ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ կորուստներ։ Հայրենիքի անկախության համար պայքարը տրվեց մեր հերոս զավակների թափած արյան գնով։

2020 թվականը մեր պատմության ցավալի շրջափուլն է՝ լի անդառնալի կորուստներով, մեր պետականության հիմքերը խարխլելու անզիջում փորձերով։ Խոնարհումս մեր հերոս զավակներին, նրանց ընտանիքներին և երախտիքս՝ այսօր էլ սահմանն անձնվիրաբար պահող մեր բոլոր զինվորներին ու սպաներին։

Մեր Հայրենիքն այսօր ավելի, քան երբևէ մեր ամուր կամքի, միասնականության ու վճռականության կարիքն ունի։ Մեզնից յուրաքանչյուրն այօրվա և վաղվա սերունդների առաջ պատասխանատվություն ունի՝ իր տեղում արժանապատիվ ծառայություն իրականացնելով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակի կապակցությամբ, մեր Հայրենիքին մաղթում եմ անխախտ խաղաղություն, հզորացում և բարգավաճում։

Փառք ու պատիվ անկախության նվիրյալներին, ովքեր անմահացան հանուն Հայրենիքի»:

Հանդիսավոր նիստի ավարտին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր քարտուղարի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար մի շարք հարկադիր կատարողների և Ծառայության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, հանձնվել են խրախուսական պարգևներ, շնորհվել կոչումներ։

Օրվա խորհրդի համատեքստում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն։