Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 797- Լ հրամանով հաստատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելի ներդրման վերաբերյալ հայեցակարգը։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների՝ 2022-2026 թվականների ռազմավարության հաստատված հայեցակարգով, ի թիվս այլնի, նախատեսվում է․
- հարկադիր կատարողների վարձատրության նոր՝ արդյունքահեն համակարգի ներդրում՝ հարկադիր կատարողի փաստացի կատարած աշխատանքի և վերջինիս վարձատրության միջև ուղղակի և անմիջական կապի ապահովման, առանձին հարկադիր կատարողների և Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով․
- Ծառայության կառուցվածքում նոր բաժինների ստեղծում՝ հատուկ մասնագիտացում, օպերատիվ արձագանք պահանջող և առանձնակի բարդություն ունեցող կատարողական վարույթները նախնական պատրաստվածություն և բարեվարքության նախնական ստուգում անցած կադրերով համալրված նոր, առանձնահատուկ լիազորություններ ու գործիքակազմ ունեցող մասնագիտացված բաժնին վերապահելու, իրավաբանական մասնագիտական խորը գիտելիքներ պահանջող կատարողական գործողությունները և հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպումն ու անցկացումն առանձին մասնագիտացված բաժնի կողմից իրականացվելն ապահովելու նպատակով․
- Ծառայության շարժական գրասենյակների ներդրման միջոցով Ծառայության մարզային բաժինների առավել կենտրոնացվածության, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում քաղաքացիների համար Ծառայության հասանելիության և հարկադիր կատարող-քաղաքացի հաղորդակցության առավել բարձր որակի ապահովում․
- հարկադիր կատարողների բարեվարքության երաշխավորմանն ու բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացում՝ ապահովելով հարկադիր կատարողների վարքագծի կանոնների սահմանումը, հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգի կատարելագործումը․
- առգրավված գույքի պահպանության կազմակերպման նոր գործիքակազմի ներդրում՝ ապահովելով առգրավված գույքի պահպանության առնչությամբ բոլոր գործառույթներն անմիջականորեն Ծառայության կողմից և կենտրոնացված իրականացումը․
- հարկադիր կատարողների վերապատրաստման նոր համակարգի ներդրում՝ ապահովելով ինչպես հարկադիր կատարողի պաշտոնը նոր ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այնպես էլ արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին։