Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41 ա շենք, այսուհետ՝ Կազմակերպիչ) հայտարարում է անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, որն ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու իրավունք և գրանցված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գնահատողների, գնահատման և ինքնակարգավորվող կազմակերպությունների ցանկում:
Հայտերը պետք է ներառեն դիմումը, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով տրված` անշարժ գույքի գնահատում կատարելու լիցենզիայի պատճենը, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների և գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանքը, այդ թվում՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գնահատման ծրագրերի թվի, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու հնարավորության, աշխատանքային ժամերի, ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորության, գնահատող աշխատողների թվի և գնահատումն իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայության մասին անհրաժեշտ տեղեկությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն՝ ըստ ներկայացված ձևաչափի։
Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված, ստորագրված փակ ծրարով, որի վրա պետք է կատարվի «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումը:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա շենք հասցեով, մինչև 19.06.2025թ. ժամը՝ 18:00-ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 24.06.2025թ. ժամը՝ 12:00-ին:
Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:
Մրցույթի հաղթող կճանաչվի ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշման 20-րդ կետի համաձայն լավագույն առաջարկ ներկայացրած մրցույթի մասնակիցը:
Կազմակերպչի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև մեկ տարի ժամկետով կկնքվի Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու պայմանագիր։