Skip to content
Կայքը գործարկման փուլում է
Close
Hit enter to search or ESC to close

Մեր մասին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հիմնադրվել է 1998 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո կատարված դատաիրավական բարեփոխումների արդյունքում 1998 մայիսի 5-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգով Հայաստանի Հանրապետությունում ապահովում է դատական ակտերի, արբիտրաժային վճիռների, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, անբողոքարկելի վարչական ակտերի, ինչպես նաև նոտարների կողմից տրված կատարողական մակագրության թերթերի հարկադիր կատարումը։

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքում առանձնացված են կենտրոնական մարմին՝ մասնագիտական կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներով, և տարածքային մարմիններ:

Հանրային ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով: Ծառայության անցնելու կարգը, պայմանները, հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում լիազորությունների բաշխումը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության վերաբերյալ այլ հարցերը կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2010-2015 թվականներին համագործակցել է Դատական կատարողների միջազգային միության հետ դիտորդի կարգավիճակով, իսկ 2015 թվականից Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է։

Դատաիրավական համակարգի և վարչարարության բարեփոխումների ընթացքում նախաձեռնվել և իրականացվել են հարկադիր կատարման ոլորտին վերաբերող օրենսդրական մի շարք փոփոխություններ՝ ուղղված հարկադիր կատարման գործընթացում անձի, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը և երաշխավորմանը։ Իրականացված բարեփոխումների արդյունքում ընդլայնվել են հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը, կատարողական վարույթի կողմերի իրավունքները, պարտականությունները, կատարողական վարույթում օրենսդրական երաշխիքներ են նախատեսվել ինչպես պարտապանի, այնպես էլ պահանջատիրոջ համար։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այժմ ևս բարեփոխումների ակտիվ գործընթացում է։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ նախատեսված են հարկադիր կատարման ոլորտում մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, և որոնց ուղղությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ներկայումս ակտիվորեն աշխատանք է տանում՝ ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետների և Դատական կատարողների միջազգային միության ուժերը։

Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների առանցքում է նաև հարկադիր կատարման գործընթացների թվայնացումը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հետամուտ լինելով իր լիազորությունների շրջանակում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, սպասարկման որակի բարձրացմանը, թվային տեխնոլոգիաների ժամանակակից և արդյունավետ գործիքների ներդրմամբ մշտապես իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ապահովելու.

Ծառայության և իր շահառուների միջև տեղեկատվության տրամադրման արագությունն ու արդյունավետությունը։

+374 60 713435